Հուլիսի 5-ին Արթիկ քաղաքի Թումանյան փողոցից «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 21-ամյա դանակահարված մի երիտասարդ։ Վնասվածքը կրծքավանդակի ձախ հատվածում էր։
Նախքան հիվանդանոցային ահազանգը` Արթիկի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել կատարվածի մասին։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր ու թարմ հետքերով բացահայտել դանակահարությունը։
Քննությանը հայտնի տվյալներով՝ տան բակում կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում էլ երիտասարդը դանակահարվել էր։ Արթիկի ոստիկանները պարզել են կասկածվողի ինքնությունը. տուժած երիտասարդի մորաքրոջ ամուսինն էր։
Արթիկի բնակիչ, 49-ամյա տղամարդը հենց դեպքի օրը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: