Ադրբեջանի իշխանությունները փորձում են վետո դնել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի պաշտոնում Արլեմ Դեզիրի թեկնածության վրա: Այս մասին տեղեկացնում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելոիրը։
«Մենք լիովին սատարում ենք Արլեմ Դեզիրին: Մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի նրա մանդատը կարևոր է ԵԱՀԿ տարածքում մեդիայի պաշտպանության համար։ Մենք Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել Դեզիրի մանդատի երկարաձգման արգելափակումը»,- գրել է Քրիստոֆ Դելոիրը Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն արգելափակել էր Դեզիրի մանդատի երկարաձգումը՝ Ադրբեջանում լրատվամիջոցների և լրագրողների ազատության խախտման համար Դեզիրի կողմից շարունակվող քննադատություններին ի պատասխան: Ադրբեջանը միջազգային կառույցի ներկայացուցչին մեղադրում է «հակաադրբեջանական քարոզչության» և «հայամետ հայտարարությունների» համար: