Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակից մզկիթի վերածելուն ուղղված քննադատություններին:
«Անկարային մեղադրել Այա Սոֆիային թանգարանային կարգավիճակից զրկելու համար՝ նշանակում է հարձակվել Թուրքիայի ինքնիշխանության վրա»,- հայտարարել է Էրդողանը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Նա շեշտել է, որ Թուրքիան չի միջամտում «այլ երկրներում աղոթքի համար հաստատությունների գործերին, հետևաբար ոչ ոք իրավունք չունի կամ իրավասու չէ միջամտել այդ հարցով իր երկրի գործերին»:
Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ «Անկարան իրավունք ունի փոխել Այա Սոֆիայի կարգավիճակը՝ վերականգնելով այն որպես մզկիթ, առանց հաշվի առնելու այլ պետությունների տեսակետները»:
Անցյալ հինգշաբթի Թուրքիայի Պետական խորհուրդը քննարկեց Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելու և մզկիթի վերածելու հարցը: Որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում: