Թուրքիայի դատարանը հետաձգել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հավանական որոշումը՝ գրում է BBC-ն:
Թուրքիայի Պետական խորհուրդը՝ երկրի գերագույն վարչական մարմինը, հայտնել է, որ վճիռը կկայացվի 15 օրվա ընթացքում:
BBC-ն գրում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն համարվող 1500 տարվա պատմություն ունեցող կառույցն ի սկզբանե Մայր տաճար է եղել, այնուհետև վերածվել է մզկիթի, իսկ 1930-ին՝ թանգարանի:
Թուրքիայի դատարանի որոշմամբ այն կարող է կրկին մզկիթ դառնալ:
Երկրի իսլամիստները երկար տարիներ շարունակ հորդորում են այն կրկին մզկիթի վերածել, սակայն աշխարհիկ ընդդիմադիրներն ընդդիմանում են: Ի դեպ, այդ առաջարկն արժանացել է համաշխարհային թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական առաջնորդների քննադատությանը:
Հունաստանի մշակույթի նախարարը խիստ քննադատել է որոշումն ու Թուրքիային մեղադրել «մոլեռանդ ազգայնականությունն ու կրոնական տրամադրությունները վերակենդանացնելու համար»: