Չինաստանը կոշտ է արձագանքել Հոնկոնգի բնակչությանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն և բնակության իրավունք տրամադրելու Մեծ Բրիտանիայի որոշմանը: Պաշտոնական Պեկինը սպառնացել է արգելափակել այդ քայլը՝ գրում է Euronews-ը:
Լոնդոնում Չինաստանի դեսպանատնից հայտնել են, որ Պեկինն իրավունք ունի համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Մեծ Բրիտանիան կյանքի կոչի նախաձեռնությունը:
Նախօրեին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Համայնքների պալատում ներկայացրել էր առաջարկ, որի համաձայն Հոնկոնգի մոտ 3 միլիոն բնակչությանը Միացյալ Թագավորությունում բնակության ու քաղաքացիության իրավունքի հնարավորություն է տրվում: Նախաձեռնության պատճառը Չինաստանում ընդունված անվտանգության վիճահարույց օրենքն է, ինչը լուրջ սպառնալիք է Հոնկոնգի հատուկ կարգավիճակին:
Չինական կողմը, սակայն, հայտնել է, որ Մեծ Բրիտանիան միջամտում է Չինաստանի ներքին գործերին, իսկ Միացյալ Թագավորությունը Հոնկոնգը Չինաստանին վերադարձնելուց հետո այլևս չունի ո՛չ ինքնիշխանություն և ո՛չ էլ իրավասություն այդ շրջանի նկատմամբ: