Վրաստանում կանանց ամենից հաճախ սպանում են ներկա ու նախկին ամուսինները կամ զուգընկերները: Այս մասին նշված է օմբուդսմանի՝ ֆեմիցիդի (կնասպանության) մշտադիտարկման հաշվետվության մեջ, որն ամփոփում է 2014-2018 թթ. տվյալները:
Aliq.ge-ն տեղեկացնում է, որ ըստ Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի գենդերային բաժանմունքի տվյալների՝ 83 կնոջից 12-ին սպանել է ամուսինը, 5-ին՝ զուգընկերը, 4-ին՝ նախկին ամուսինը, 4-ին՝ երեխան: Կանանց գենդերային հիմքով սպանել են բարեկամական կապեր ունեցող այլ անձինք ևս:
2014 թվականից 2018-ն ընկած ժամանակահատվածում ամուսինները փորձել են սպանել 18, նախկին ամուսինները՝ 11 կնոջ:
Օմբուդսմանի խոսքով՝ դատարանում առկա գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանանց սպանության փորձերի հիմնական դրդապատճառը եղել է վրեժխնդրությունը և խանդը: