«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը պարետատան ճեպազրույցում հաստատեց, որ լինում են դեպքեր, երբ մարդն ունենում է կորոնավիրուս, սակայն այն ընթանում է թեթև կամ որոշ դեպքերում անախտանիշ։ Ընդգծեց, որ այդ պարագայում կա շատ կարևոր փաստ՝ եթե վերաբերվենք բավական անլուրջ այդ իրավիճակին, չպահպանենք հակահամաճարակային բոլոր կանոնները, ապա լուրջ վտանգի տակ ենք դնում մեզ շրջապատող մարդկանց։
Դավիդյանցի խոսքով՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցն իր անձնակազմով շուրջ 4 ամիս է՝ պայքարում է հիվանդության դեմ և առաջին բուժհաստատությունն է, որ վերցրել է իր վրա կորոնավիրուս կոչված չարիքի հարվածը։
«Մենք 4 ամիս է՝ չգիտենք՝ ինչ բան է հանգիստը, մենք բոլորս կտրվել ենք մեր ընտանիքներից ու բացառապես ամբողջ օրն անցկացնում ենք հիվանդանոցում։ Բոլորս միասին թիմով աշխատում ենք օր ու գիշեր հանուն պացիենտի առողջության և պայքարում այս հիվանդության դեմ։ Ցավոք, պետք է նշեմ, որ վերջին ժամանակաշրջանում հիվանդությունը փոխել է իր ընթացքը, հիմա գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը»,- ասաց Դավիդյանցը՝ հավելելով, որ այդ թվում եղել են ուշացած դեպքեր: Ասաց, ցավոք, ականատես են լինում մի խումբ մարդկանց, որոնք ցածր թթվածնով գալիս են, և, ցավոք, լինում են նաև մահճակալային ֆոնդի խնդիրներ։
Բժիշկը դիմեց քաղաքացիներին՝ խնդրելով օգնել իրենց՝ բուժաշխատողներին՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները։ Հորդորեց խիստ սահմանափակել շփումը և տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հաճախակի ախտահանել ձեռքերը։
«Դուք ձեր պահվածքով օգնելու եք մեզ բոլորիս, քանի որ այս 4 ամիսների ընթացքում ամբողջ բուժանձնակազմը կատարում է մեծ ֆիզիկական և հոգեկան ծանր աշխատանք։ Հավատացա՛ծ եղեք՝ շատ ծանր է ամեն օր ականատես լինել ծանր հիվանդների, ցավոք՝ նաև մահվան դեպքերի։ Չի կարող դա չանդրադառնալ բուժաշխատողի վրա։ Օգնեք մեզ միասին հաղթահարել այս հիվանդությունը»,- ասաց Դավիդյանցը՝ նշելով, որ ողջ բուժանձնակազմը պայքարելու է մինչև վերջին պացիենտի դուրսգրումը։