ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ, սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարությամբ պաշտոնապես դիմել է ԱՄՆ կառավարության հաշվետվության գրասենյակ՝ պահանջելով անմիջապես քննություն սկսել Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին հատկացվող բոլոր օժանդակությունների գծով: Թեմային է անդրադարձել Massispost պարբերականը:
Կայքը նշում է, որ վերջին տարիներին Ադրբեջանին հատկացվող Միացյալ Նահանգների օգնության ծավալները կտրուկ աճել են, չնայած Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ռեժիմի կողմից իրականացվող շրջափակմանն ու հրադադարի անդադար խախտումներին:
1992-ին վավերացված թիվ 907 հավելվածը հիմնականում արգելում է Ադրբեջանին օգնության տրամադրումը, քանի դեռ որոշակի միջոցներ չեն ձեռնարկվել Արցախի շրջափակումը և ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ:
Սենատոր Մենենդեսն անկախ գործակալությանը դիմել է՝ գնահատելու ԱՄՆ Կառավարության կողմից Ադրբեջանին տրամադրված օժանդակության ծավալը, բնույթն ու ազդեցությունը:
Ամերիկացի սենատորը նպատակ ունի պարզելու, թե արդյոք ռազմական օգնության որևէ մաս օգտագործվե՞լ է Հայաստանի և Արցախի վրա հարձակում գործելու համար, գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացի վրա դրա ազդեցությունը:
Ռոբերտ Մենենդեսը խնդրել է գործընթացն սկսել անմիջապես՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբին մշտապես իրազեկելով ընթացքի, ինչպես նաև այդ գործընթացի ժամանակ առաջացած ցանկացած մարտահրավերի, խոչընդոտի կամ արգելքի մասին: