Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ հունիսի 6-ին անցկացվել է ռազմական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում շոշափվել են մարտական հերթապահության իրականացման արդյունավետության բարձրացման ու տեսադիտարկման համակարգերի կատարելագործման, ինժեներական ապահովման, կենտրոնացման շրջանների կահավորման, զորքերի պաշտպանվածության, զորաշարժերի երթուղիների կահավորման և հարակից այլ թեմաներ:
Ռազմական խորհրդի ընթացքում, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի համապատասխան բաժինների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, քննարկվել են օրակարգային հարցերին առնչվող բոլոր հիմնախնդիրները, առաջարկվել տվյալ ոլորտներում կազմակերպվող աշխատանքների բարելավման ուղիները, և, ըստ այդմ, կատարված եզրահանգումները ներառել ռազմական խորհրդի որոշման դրույթներում:
Ռազմական խորհրդի հեռավար նիստի ավարտին բանակի հրամանատարն ամփոփել ու ընդհանրացրել է արդյունքները և խորհրդակցության մասնակիցներին խնդիրներ առաջադրել՝ հետագա անելիքների վերաբերյալ: