Դեռ ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ ես հաճախ էի լսում «ոստիկանը մերն է» կոչերը: Այսպես սկսեց խոսքը պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցում Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը:
«Ձեզ հետ խոսում է արտաքին ծառայություն իրականացնող մի ոստիկան, որը ծառայություն է իրականացնում ամբողջ օրը: Մենք ծառայություն ենք իրականացնում բոլոր փողոցներում, բակամերձ տարածքներում, միջպետական ճանապարհներին: Սակայն լինում են քաղաքացիներ, որոնք հրաժարվում են պահպանել պարետի սահմանած իրավական ռեժիմը, հրաժարվում են կատարել ոստիկանի օրինական պահանջը: Բայց հատկապես երիտասարդներից շատերը արհեստական լարվածություն են ստեղծում»,- նշեց նա:
Ոստիկանը կոչ արեց քաղաքացիներին պահպանել պարետի հաստատած իրավական ռեժիմը, դիմակը կրել ճիշտ: Նրա խոսքով՝ ոստիկանությունը կարող է կիրառել հարկադրանքի միջոցներ, և այս ճգնաժամային իրավիճակում նման միջոցներ կիրառվում են, կազմվում են իրավախախտման արձանագրություններ: «Սակայն դա մեր նպատակը չէ, մենք չենք փորձում քաղաքացիներին տուգանել, չենք ուզում քաղաքացիներին տուգանել: Մենք ուզում ենք հասնել նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի իր կողմից կատարվող գործողությունների լրջությունը»,- ասաց Վ.Մինասյանը: