Կամավորական գործունեության ինստիտուտի կայացման և կամավորության մշակույթի զարգացման անհրաժեշտ պայմանների ամրագրման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն օրենսդրական նախագծերի փաթեթ է մշակել։ Այն ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Նախատեսվում է, որ օրենքի ամրագրմամբ կապահովվեն կամավոր աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու լիարժեք իրավական կարգավորումները։ Կտարանջատվեն նաև կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքները։ Կհստակեցվեն կամավորի, կամավորական կազմակերպության միջև փոխհարաբերությունների պայմանագրային կարգավորումները։ Կամրագրվեն նաև կամավոր աշխատանք կատարող անձանց հաշվառելու, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների տվյալների շտեմարան վարելու վերաբերյալ կարգավորումները։
Կամավոր աշխատանք կատարող անձանց հաշվառման մատյաններ վարելու վերաբերյալ կարգավորումների համաձայն՝ հաշվառման մատյաններում կամավորները հաշվառվելու են ըստ իրենց ցանկության։ Նախագծի ակնկալվող արդյունքներում նշվում է, որ հաշվառման մատյանների վարումն էական նշանակություն ունի միասնական տեղեկատվական բազայի ձևավորման հարցում: Ասվում է նաև, որ միասնական տեղեկատվական բազայի առկայությունը հնարավորություն կտա կամավոր աշխատանք կատարողների ներուժի կարիքն ունենալու պարագայում արագ կոորդինացնել կամավորների հավաքագրման աշխատանքները, վերջիններիս ներուժն հասցեական օգտագործել:
Նախագծով առաջարկվում է նաև, որ անհրաժեշտ նախապայմաններ կամրագրվեն հասարակության խոցելի խմբերի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունք ձևավորելու հարցում։ 1lurer.am-ը զրուցեց 2016 թվականին Սիրիայից Հայաստանում ամուսնու հետ ապաստան հայցած Ջեսիկա Փանոսիանի հետ։ Հայաստան վերադարձից հետո արդեն գրեթե 4 տարի է՝ նա «ԿԱԶԱ» հիմնադրամում կամավոր է աշխատում։ Ասաց՝ կամավորական աշխատանքի համար թեև չի վճարվում, բայց այն իր համար մեծ ճանապարհ է հարթել Հայաստանում ինտեգրվելու համար։
«Կամավորական աշխատանքում ինձ համար առաջնայինը գումարը չէր, կամավորական ծրագիրը կամավոր աշխատանքի սկզբունքով է։ Խնդիրս էր նոր ընկերներ ու նոր գիտելիքներ ձեռք բերելը։ Կարևոր է, որ կամավորական կյանքում իրավունքներդ պաշտպանված լինեն, կազմակերպությունն իմանա քո արժեքը, գնահատի գիտելիքդ ու նվիրվածությունդ։ Ուսանողական տարիներս են անցել կամավորությամբ, բայց անգամ հիմա, երբ արդեն հիմնական աշխատանք եմ փնտրում, միևնույն է՝ կամավոր աշխատանքից չեմ պատրաստվում հրաժարվել»,- ասում է Ջեսիկան՝ հավելելով, որ կամավորության ընթացքում ապաստան հայցողների, փախստականների համար ինքնազարգացման դասընթացներ, մշակութային ու ճանաչողական ծրագրեր են իրականացրել։ Վստահեցնում է՝ կամավորությունը հնարավորություն է ընձեռում ավելի հաստատուն լինել գիտելիքներում և նոր հնարավորություններ է ստեղծում աշխատանքի անցնելու համար։