Օրերս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել 4 տարեկան տղա երեխա, որի մոտ հայտնաբերվել էր COVID-19, երեխան չուներ արտահայտված ախտանիշներ։ 4-օրյա բուժումից հետո փոքրիկը՝ կորոնավիրուսի թեստի կրկնակի բացասական արդյունքից հետո դուրս էր գրվել հիվանդանոցից։
Ինչպես հայտնում է ԲԿ-ի լրատվության բաժինը, տուն վերադառնալուց 4 օր անց երեխայի ջերմությունը բարձրացել է և նա կրկին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծանր վիճակում։ Երեխայի մոտ ախտորոշվել է Կավասակի սինդրոմ (առաջին դեպքը):
«Երեք օր անց երեխայի մոտ ի հայտ են եկել պարանոցային մկանների արտահայտված կարկամություն, զարգացած ներբանների, ափերի, դեմքի, որովայնի էրիտեմատոզ ցանավորում, այտուցներ վերջույթներին ու դեմքին, ինչպես նաև հավաքվել էրհեղուկ որովայնի խոռոչում: Ութ օրվա ընթացքում երեխայի մոտ գրանցվել է բարձր տենդ։
Թագավարակի հետազոտության բացասական արդյունք ստանալուց հետո երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Այդ ընթացքում կլինիկական պատկերին ավելացել են նաև նոպայաձև ցավեր որովայնի հատվածում, ձութանման կղանք: Հայտնաբերվել է տասներկումատնյա աղու խոց։ Բուժման ֆոնին երեխայի վիճակը զգալիորեն բարելավվել է։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի մոտ հիվանդության ընթացքում դրսևորվել են մի քանի օրգան-համակարգերի ախտահարում, առկա են եղել արտահայտված լաբորատոր բորբոքային ցուցանիշներ և նախորդող COVID-19 վարակ՝ նրա մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ։
Ախտորոշումը տեղի է ունեցել համաձայն ԱՀԿ կողմից առաջարկված չափանիշների։ Հիվանդությունն ախտորոշելուց հետո երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից տեղափոխվել է «Արաբկիր-ԵԴԱԻ» ԲՀ՝ հետագա բուժումը շարունակելու համար»,- գրված է հայտարարությունում։