Թուրքական իշխանական Yeni Akit լրատվական կայքը, հղում անելով պետական «Անադոլու» գործակալության Բաքվի ներկայացուցչությանը, ներկայացրել է Բաթումի պայմանագրի 102-ամյակին նվիրված հոդված` գրում է Ermenihaber կայքը։
Հրապարակման մեջ նշվում է, որ 1918-ի մայիսի 28-ին՝ Ադրբեջանի անկախության հռչակումից հետո, առաջին պայմանագիրը Օսմանյան պետության և Ադրբեջանի միջև եղել է հենց 1918-ի հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագիրը, որով երկու «եղբայրական» պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հիմքն է դրվել։
Ըստ հրապարակման՝ այս պայմանագիրը նպատակ է հետապնդել հաստատելու և ամրապնդելու երկու երկրների միջև քաղաքական, իրավական, առևտրային և ռազմական հարաբերությունները։
Պայմանագրի առանցքային գաղափարն էր նաև ռազմական համագործակցությունը, որն ուղղված էր Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։
Հենց այս համագործակցության արդյունքում էլ 1918-ին տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ Բաքվում և այլ շրջաններում։
Այս տխրահռչակ պայմանագրով էր նաև, որ նախատեսվում էր Հայաստանի Հանրապետության տարածքը դարձնել 12.000 քառակուսի կիլոմետր, և պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան բաղձանքով է հիշատակում հակահայ դավադիր այս պայմանագիրը։