Զինված ուժերը ցուցարարների դեմ օգտագործելու նախագահ Թրամփի որոշումը ԱՄՆ-ում ոչ բոլորն են ողջունել: ԿՀՎ վետերանները Թրամփին համեմատել են Հուսեյնի և Քադաֆիի հետ: Նրանց սկսել են անհանգստացնել Միացյալ Նահանգներում տեղի ունեցող իրադարձությունների նմանությունները Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրների նման դեպքերի հետ, որոնք, ըստ մասնագետների, ժողովրդավարության անկման ու հետընթացի նշաններ են:
Ցուցարարների դեմ զորք ուղարկելու որոշումը չեն պաշտպանում Պենտագոնի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ գերատեսչության ղեկավար Մարկ Էսփերը՝ դա համարելով օրենքի խախտում: Նրանք համոզված են, որ մարդիկ խաղաղ հավաքների իրավունք ունեն, և խռովությունները ճնշելու համար Ազգային գվարդիան ներառելու մասին որոշումը հապճեպ էր: ԱՄՆ-ում արգելված է զորքն օգտագործել երկրի ներսում:
Ըստ Politico-ի, Պենտագոնը միշտ փորձել է խուսափել Թրամփի քաղաքական շահերի համար աշխատելուց: Օրինակ՝ գործակալությունը փորձեց սահմանափակել զինված ուժերի մասնակցությունը Մեքսիկայի հետ սահմանին: Պենտագոնը նաև հրաժարվեց մեծ շքերթ անցկացնել Անկախության օրը՝ անցյալ տարի հուլիսի 4-ին: Փոխարենը տեղի ունեցավ ռազմական տեխնիկայի ոչ մեծ ցուցադրություն: