ԱՄՆ-ին սպառնում են կորոնավիրուսի վարակի նոր բռնկումներ՝ ի դեմս բնական աղետների, որոնք սպասվում են առաջիկա ամիսներին: Ըստ օդերևութաբանների, հունիսի 1-ից ԱՄՆ-ում պաշտոնապես սկսվել է փոթորիկների սեզոնը: Մեծ հավանականություն կա, որ այս տարի առնվազն մեկ հզոր փոթորիկ կմոլեգնի Ֆլորիդա նահանգում: Բացի դրանից՝ Միչիգան և Իլինոյս նահանգներում արդեն ռեկորդային ջրհեղեղներ են սկսվել, իսկ անցած ամիս Արիզոնայում և Կոլորադոյում բռնկված բնական հրդեհներն ընդգրկել են տասնյակ հազարավոր հեկտար տարածքներ: Ապագայում իրավիճակը կարող է միայն վատթարանալ, կանխատեսում են մասնագետները:
Միաժամանակ, Politico-ն գրում է, որ Միացյալ Նահանգները նախկինում երբեք բնական աղետներ չի ունեցել համավարակի պայմաններում: Երկրում գոյություն չունեն սահմանված մեխանիզմներ, որոնք կկարգավորեն բնական աղետների դեմ քաղաքացիների և իշխանությունների գործողությունները ներկա պայմաններում: Նախկինում աղետից տուժած շրջանների բնակիչներին կարգադրում էին լքել իրենց տները և պատսպարվել հատուկ ապաստարաններում, օրինակ՝ տեղական դպրոցի մարզադահլիճում: Այժմ հստակ ցուցումներ չկան. մի կողմից վտանգավոր է մնալ վատ ամրացված տներում, մյուս կողմից՝ արգելվում է խախտել սոցիալական հեռավորությունը: Եթե քաղաքացիները պետք է շտապ տարհանվեն ապաստարան, դա կարող է հանգեցնել կորոնավիրուսի նոր բռնկման, քանի որ իշխանությունները ժամանակ չեն ունենա մինչև տարհանումը ստուգել բոլորի վարակվածությունը:
Բացի դրանից՝ համավարակն արդեն հասցրել է լուրջ վնաս հասցնել ԱՄՆ-ի սննդի և տրանսպորտի համակարգերին: Այս ոլորտները լրիվ կսնանկանան, եթե փոթորիկների պատճառով դադարեցվի ծովային և ցամաքային հաղորդակցությունը аրևելյան ափերում: