Ռուսաստանի երկաթուղային ընկերությունը դադարեցրել է Մուրմանսկի նավահանգիստը երկրի մյուս շրջանների հետ կապող երկաթուղային հաղորդակցությունը երկաթուղային կամրջի փլուզման պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Փլուզման պատճառով ուղևորատար ու բեռնատար գնացքների տեղաշարժը կանգնեցվել է:
Երկաթուղային կամուրջը փլուզվել է ձնհալի և ջրի ահռելի հոսքի հետևանքով:
Այս կամուրջը Մուրմանսկի նավահանգիստը Ռուսաստանի մյուս շրջաններին կապող երկաթուղային միակ ճանապարհն է:
Ռուսաստանի Դաշնության երկաթուղային ընկերությունը չի հստակեցրել ճանապարհի վերականգնման ժամկետները: Սակայն, որոշ աղբյուրների հավաստմամբ, կամրջի վերականգնման համար ամիսներ կպահանջվեն: