ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրեց, որ Հայաստանում այս ընթացքում միայն հինգ անգամ ավելացել են հիվանդանոցային այն տեղերը, որոնք կարող են սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին:
Հարցին՝ արդյոք ժամանակը չէ՞ ավելի խիստ միջոցների դիմել վարակի տարածումը կանխելու համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ըստ էության դե յուրե շատ խիստ ռեժիմ է այսօր երկրում սահմանված: Խնդիրը դե ֆակտոյի մեջ է: Այստեղ հանրություն-կառավարություն հարաբերությունների մեջ հոգեբանական շատ լուրջ խնդիր կա, քանի որ այնուամենայնիվ, մեր կառավարությունն իր ծագումնաբանությամբ այդ հակահամաճարակային կանոնները պարտադրելու առումով ունի հոգեբանական գիծ, որը չի կարողանում անցնել: Մենք բոլորով ենք կառավարություն ձևավորել, բոլորս մեկ ընտանիք ենք: Եթե ընտանիքի մի հատվածը պետք է դուբինկաներով առողջություն պարտադրի մյուսին, մեզ համար սա լուրջ հոգեբանական շեմն է, գիծ է: Ժամանակը վաղուց է անցել, որ գնանք շատ խիստ միջոցների: Իրավապահ մարմինները պիտի ապացուցեն, որ ի վիճակի են իրականացնել իրավիճակին համարժեք խիստ ու խստագույն միջոցներ՝ հակահամաճարակային կանոնները պարտադրելու համար այն տեղերում, որտեղ դա անհրաժեշտ է»: