Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում:
«Համերաշխությունը մեզ համար շատ կարևոր է,- հայտարարել է Հարությունյանը, բայց և նախազգուշացրել,- ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք։ Պատրաստ ենք, և ուզում եմ նաև վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են. այն, ինչ ունեցել եք 1994 թվականին, կունենաք նաև այսօր։ Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»։
Արայիկ Հարությունյանը հակադարձել է նաև Ալիևի խոսքերին, թե ադրբեջանական հին քաղաք Իրևանը տվել են Հայաստանին:
«Դուք հնարավորություն ունեք ձեր չակերտավոր պատմական անճշտությունները շտկելու, եթե այդպես եք մտածում, բայց դա լինելու է կործանարար Ադրբեջանի համար։
Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ, մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ, տրամաբանական լուծմանը։ Եվ այն հայտարարությունը, որը դու արել ես, որ միայն փուլային տարբերակն է, իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ հերթին՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո արդեն՝ բանակցություններ։ Այլ տարբերակ չի լինելու»,- շեշտել է Արցախի նախագահը՝ հերթական անգամ կարևորելով Արցախում ձևավորվող իշխանության՝ միասնականության, համերաշխության տրամաբանությունը։