Շվեդիայում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացածների թիվը 4,350 է, գրանցվել է վարակի 36 476 դեպք, հայտնել է երկրի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելը:
Այս շաբաթ նկատելի է վարակի դեպքերի աճ, ընդ որում՝ ավելի շատ են երիտասարդ վարակվածները: Մենք դա վերագրում ենք անցկացված թեստերի քանակի աճին:
Ավելի վաղ Շվեդիայի իշխանությունները հայտարարել էին կորոնավիրուսի թեստավորման նոր ռազմավարության մասին, որը նախատեսում է ստուգել ոչ միայն բուժաշխատողներին ու ծանր ախտանիշներով հիվանդներին, այլև ոստիկաններին ու հրշեջներին, որպեսզի նրանք հնարավորինս արագ կարողանան վերադառնալ աշխատանքի:
«Միևնույն ժամանակ, վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը շարունակում է նվազել, ինչը վկայում է կորոնավիրուսի տարածման նվազման մասին»,- ավելացրել է Թեգնելը:
Ուրբաթ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեվենը հայտարարել էր, որ հունիսի 15-ից վերսկսվում է աշխատանքը համալսարաններում և ուսումնական հաստատություններում: Հունիսի 14-ից էլ կվերսկսվեն Շվեդիայի ֆուտբոլի առաջնության և այլ մարզաձևերի հանդիպումները, սակայն դրանք կանցկացվեն առանց հանդիսատեսի: