Իտալիայում առաջին անգամ երիտասարդ տղամարդու երկու թոքերի փոխպատվաստում են կատարել, որը նախկինում վարակված է եղել կորոնավիրուսով: Սա նման առաջին վիրահատությունն է Եվրոպայում:
Տեղական Focus պարբերականը հայտնել է, որ 10 օր առաջ կատարված վիրահատությունը հաջող է անցել, և ներկայումս հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնի է, որ լավ մարզավիճակում գտնվող 18-ամյա իտալացի երիտասարդը քրոնիկական հիվանդություններ չի ունեցել, սակայն COVID-19-ով վարակվելուց հետո երկու ամիս անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում: Այդ ամբողջ ընթացքում նա միացված է եղել թոքերի արհեստական օդափոխման սարքին, քանի որ կորոնավիրուսն ամբողջովին քայքայել է նրա թոքերը: Բժիշկները եկել են այն եզրահանգման, որ ստեղծված իրավիճակում երիտասարդին կարող է փրկել միայն թոքերի փոխպատվաստումը: