Որոշ լրատվակայքեր այսօր տեղեկություն են տարածել, որ «երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»,- Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե՛ մեր, թե՛ հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։
Նախիջևանի՝ մասնավորապես նշված ուղղությունում, իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան։
Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում: Այո, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը միշտ էլ ճնշվում է, բայց, ի տարբերություն հայկական որոշ լրատվամիջոցների, ադրբեջանականները, ցավոք, այդ մասին չեն հայտնում։