Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի շնորհիվ հայտնի դարձած հակամալարիային «Հիդրօքսիքլորոքին» կամ «Քլորոքին» դեղամիջոցը, որը փորձարկվում էր COVID-19-ի բուժման կամ կանխարգելման համար, ոչ միայն օգուտ չի տվել, այլև՝ վնաս է հասցրել: Վերջին հետազոտությունների մասին տեղեկացնում է Sky News պարբերականը:
Այս դեղամիջոցը կիրառվել է աշխարհի 671 հիվանդանոցներում գտնվող 96 հազար մարդու վրա:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մալարիայի դեմ կիրառվող դեղամիջոցը կորոնավիրուսի դեպքում ավելացրել է մահացության ցուցանիշը: Այն հինգ անգամ մեծացրել է սրտի ռիթմի հետ կապված լուրջ խանգարումների ռիսկը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկու շաբաթ օգտագործել է մալարիայի դեմ կիրառվող դեղամիջոցը՝ կորոնավիրուսի կանխարգելման համար:
Այսպիսով՝ նոր հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի բուժման կամ կանխարգելման համար այս դեղամիջոցի օգտագործման արդյունավետության կամ անվտանգության ոչ մի վկայություն չկա: