Միացյալ Նահանգները բացահայտ սպառնացել է վերականգնել Իրանի նկատմամբ կիրառվող բոլոր պատժամիջոցները, եթե ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը չերկարացնի Թեհրանի նկատմամբ զենքի էմբարգոյի ժամկետը, որը միջուկային գործարքի համաձայն լրանում է հոկտեմբերին՝ հաղորդում է Al Jazeera-ն:
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքը հաստատել է երկու շաբաթ առաջ ամերիկացի պաշտոնյայի կողմից արված ԱՄՆ այն ռազմավարությունը, որ պաշտոնական Վաշինգտոնն իր ծրագրերի մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային ու Գերմանիային:
Հուքը հայտնել է, որ Վաշինգտոնն այս կամ այն ձևով կերկարացնի Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի ժամկետը: ՄԱԿ-ի ԱԽ 15 անդամների կողմից բանաձևն ընդունելու համար անհրաժեշտ է 9 կողմ, բացի այդ, վետոյի իրավունքից չպետք է օգտվեն Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան: Ռուսաստանը, սակայն, ամենայն հավանականությամբ, կընդդիմանա զենքի արգելքի ժամկետի երկարացմանը: