Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դինամիկան, նշեց, որ համավարակի ընթացքում տեսակոնֆերանսներ են կազմակերպվում։
Տեղեկացրեց, որ ԵԱՏՄ շրջանակում երկու հանդիպում է եղել. մեկ հանդիպում երկրների ղեկավարների մակարդակով, ևս մեկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Վարչապետը նաև տեղեկացրեց, որ այսօր էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահի հետ է հեռախոսազրույց ունեցել։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ վարչապետն ընդգծեց՝ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական, դաշնակցային։ «Ռուսաստանը մեր թիվ մեկ գործընկերն է անվտանգության ոլորտում»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը տեղեկացրեց, որ շարունակում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ինտենսիվ աշխատել և արդյունավետ համագործակցել։ Դա վերաբերում է նաև Եվրասիական տնտեսական միությանը։
«Ես կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները գնահատվում է բարձր մակարդակի, ինչը չի նշանակում, որ այդ հարաբերություններում չկան հարցեր։ Այդ հարաբերություններում կան հարցեր։ Կա օրակարգ»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ գաղտնիք չկա, որ ՀՀ-ում 2018 թվականից հետո սկսվել է նոր քաղաքական իրավիճակ, և մեր գործընկերները խնդիր ունեն այդ նոր քաղաքական իրավիճակի պայմաններին հարմարվելու։