Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ միջգերատեսչական հանձնաժողովը Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղից հաստատել է 1 սուբվենցիոն ծրագիր:
Մաքենիս համայնքը սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում այս տարի կունենա 200 տեղանոց հանդիսությունների սրահ: Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված «Մաքենիս համայնքի հանդիսությունների սրահի սալիկապատում և գույքի ձեռքբերում» ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 6 միլիոն 911 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 3 միլիոն 801 հազար դրամը հատկացնելու է Մաքենիսի համայնքապետարանը, 45 տոկոսը կամ 3 միլիոն 110 հազար դրամը՝ ՀՀ Կառավարությունը: Հանդիսությունների սրահի հիմնման ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից՝ դարձյալ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Նախորդ տարվա ընթացքում կատարվել են հիմնանորոգման որոշակի աշխատանքներ, տեղադրվել են դռներն ու պատուհանները: Այս տարվա ծրագրով ավարտի կհասցվեն կիսատ մնացած աշխատանքները, այն է՝ հատակի սալիկապատում, սանհանգույցների կառուցում, ներքին հարդարման այլ աշխատանքներ, գույքի ձեռքբերում, որը կիրականացվի «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» հետ համագործակցությամբ: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում: