Ամբողջ աշխարհում COVID-19 վարակի տարածումից ու վարակակիրների թվի հարյուր հազարներով ավելանալուց հետո, շատերը սկսեցին ուշադրություն դարձնել կասկածելի համընկնմանը՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տարբեր երկրներում հիվանդությունը տարածվում է տարբեր արագությամբ: Եվ, չգիտես ինչու, կորոնավիրուսը, առնվազն առաջին հերթին զգալիորեն նվազ ակտիվություն է ցուցաբերում այն երկրներում, որտեղ երեխաները պարտադիր կարգով տուբերկուլոզ հիվանդության համար պատվաստվում են ԲՑԺ պատվաստանյութով:
Սա պարզապես համընկնո՞ւմ է, թե՞ այստեղ օրինաչափություն կա:
Կորոնավիրուսի տարածման վրա ազդում են շատ գործոններ, այդ թվում՝ կարևոր դերակատարում ունեն երկրի բնակչության միջին տարիքը, մշակութային նորմերը, առողջապահության համակարգի վիճակը, նախկին համաճարակներից ձեռք բերված փորձը: Բացի այդ, կոնկրետ երկրներում հիվանդության ընթացքի նկարագիրը կախված է նաև այն բանից, թե ինչպես է իրականացվում թեստավորումը, ինչպես են իրագործվում վիճակագրությունն ու տեղեկատվության տրամադրումը:
ԲՑԺ պատվաստանյութի վարկածը հիմնականում հիմնվում է կորոնավիրուսի վարակի հանրային վիճակագրության վրա: Հետազոտություններով զբաղվող բժիշկներն ասում են, որ կոնկրետ մարդու մոտ առկա ԲՑԺ-ն նոր վարակի դեմ իմունիտետ չի ապահովում: Պատվաստված մարդիկ կան նաև ծանր հիվանդների շարքում, այդ թվում նաև COVID-19-ից մահացածների մեջ:
Միաժամանակ, չի կարելի նաև բացառել, որ պատվաստումը համավարակի ժամանակ կարող է օգտակար լինել համազգային մասշտաբով: Համենայն դեպս՝ այս վարկածի նախնական տվյալները չեն էլ հակասում դրան:
Այս թեմայով առաջին հետազոտությունը հրապարակվել էր մարտի վերջին Նյու Յորքի մի խումբ գիտնականների կողմից, որոնք շատ համարձակ հայտարարություն էին արել:
«Մեր տվյալները հիմք են տալիս ենթադրելու , որ ԲՑԺ պատվաստանյութը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն նվազեցնում է COVID-19-ի հետ կապված մահացության դեպքերը: Մենք նաև բացահայտել ենք, որ որքան շուտ է այս կամ այն երկիրը սկսել ԲՑԺ պատվաստանյութի պրակտիկան, այնքան ավելի շատ են նվազում մահացության դեպքերը»: