Այսօր ԱԺ-ում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարցրեց՝ ի՞նչ անել միջազգային մամուլում հրապարակվող տեղեկությունների հետ, որոնցում, խոսվում է, օրինակ, կորոնավիրուսի ահագնացող ծավալների մասին: Դա կարող է խուճապ առաջացնող տեղեկությու՞ն դիտարկվել:
Կամ՝ եթե Ֆրանսիայի դեսպանը Ֆեյսբուքում իր երկրի քաղաքացիներին առաջարկում է վերադառնալ Ֆրանսիա, որովհետև այնտեղ շատ ավելի լավ առողջապահական համակարգ կա, սա խուճա՞պ է առաջացնում, թե՞ ոչ՝ հետաքրքրվեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթը:
Հիշյալ օրենսդրական փաթեթով սահմանվում է, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ, մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում, սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի վճարում՝ նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով։
Քրեական օրենսգրքում նույնպես լրացում է կատարվում. Մասնավորապես, փոփոխվում է 277.1 հոդվածը, ըստ որի՝ «Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով»։