ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի Եվրոպայում փոփոխվող անվտանգության իրավիճակին և ռուսական նորագույն զենքին, բայց ո՛չ միջուկային մարտագլխիկներով նոր հրթիռներ տեղակայելու ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում:
«Մեր զսպման միջոցառումները պետք է շարունակեն հուսալի լինել նույնիսկ այն դեպքում, եթե ստիպված լինենք արձագանքելու նոր իրականությանը»,- ընդգծել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ «ռուսական նոր հրթիռները չափազանց վտանգավոր են», իսկ դա, ըստ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի, «մեծացնում է թյուրըմբռնման վտանգը»:
Ստոլտենբերգը նաև ասել է, որ ինքը չի պաշտպանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ համաեվրոպական միջուկային զսպման միջոցառումների հետ կապված՝ ԵՄ-ում երկխոսություն սկսելու վերաբերյալ:
«Մենք արդեն ունենք միջուկային պաշտպանություն Եվրոպայում, և այն ապահովվում է ՆԱՏՕ-ի կողմից…մենք ունենք ընդհանուր հրամանատարական կառույցներ, միջուկային ընդհանուր ռազմավարություն և համատեղ վարժանքներ»,- ասել է Ստոլտենբերգը՝ Ֆրանսիային կոչ անելով միանալ ՆԱՏՕ-ի միջուկային պլանավորման խմբին, դաշինքը չառանձնացնելով ԵՄ-ից:
«Եթե ֆրանսիացիները փոխեն իրենց կարծիքը, մենք ցանկացած ժամանակ ուրախ կլինենք ողջունել նրանց: Կարևոր է, որ ՆԱՏՕ-ն, որպես միջազգային կազմակերպություն, մասնակցի միջուկային զսպման քննարկմանը, քանի որ դա լուրջ գործ է»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Ֆրանսիայի նախագահը եվրոպական գործընկերներին հրավիրեց «ռազմավարական երկխոսություն» սկսել Եվրոպայի հավաքական անվտանգության ապահովման գործում Ֆրանսիայի դերակատարման մասին՝ որպես միջուկային երկիր: Նշենք նաև, որ Brexit-ից հետո Ֆրանսիան եվրոպական համայնքի միակ միջուկային տերությունն է: