Peace Now կազմակերպությունը մեկնաբանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունն Արևելյան Երուսաղեմում նոր բնակելի շենքերի կառուցման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Maariv-ը:
Խմբի ներկայացուցիչները վարչապետի այս քայլը համարում են «լուրջ հարված» իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործընթացին:
«Սա պաղեստինյան Բեթղեհեմի ու Արևելյան Երուսաղեմի սահմանային շփման վերջին կետն է... և եթե թաղամասը կառուցվի, անհնար կլինի մի քաղաքից մյուսն անցնել», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Կազմակերպությունն այս քայլը անվանել է Նեթանյահուի «հերթական ցինիկ նախընտրական քայլ» և պաշտոնական հարցում է արել այն մասին, թե, արդյո՞ք, անցումային կառավարությունը նման որոշում կայացնելու իրավասություն ունի:
Peace Now-ն պնդում է, որ վարչապետը «անում է հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության շանսերը վերացնելու և հակամարտության լուծման փորձերը սառեցնելու համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Արևելյան Երուսաղեմում՝ Խար Խոմայի տարածքում, կկառուցվեն 2,200 լրացուցիչ բնակարաններ: Իսրայելի վարչապետը հաստատել է նաև Գիվաթ Հաթոսում 4,000 բնակարանների կառուցման ծրագիրը, ինչը բուռն դժգոհություն է առաջացրել ոչ միայն պաղեստինցիների, այլև իսրայելական ընդդիմության շրջանում:
Հիշեցնենք նաև, որ Peace Now՝ «Շալոմ Ախշավ» կազմակերպությունը 1978-ին հիմնադրված ծայրահեղ ձախ հայացքներով ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է, որտեղ համոզված են, որ արաբա-իսրայելական հակամարտությունն անհրաժեշտ է լուծել նաև պաղեստինցիների շահերը հաշվի առնելով և Իսրայելի կառավարության վրա ճնշում գործադրելով: