Իմ կանխավարկածն այն է, որ մենք գնում ենք դեպի հերթական խորհրդարանական ընտրություններ, և բոլոր այն ուժերը, որոնք «թեժ գարուն»,« թեժ ձմեռ» ռեժիմի մեջ են, ինքնաոչնչացմամբ են զբաղված: Այդ մասին Կապանում ընթացող մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով արտահերթ ընտրությունների հնարավորության մասին:
Անդրադառնալով խորհրդարանական իշխող «Իմ քայլը» խմբակցության գործունեության գնահատականին՝ վարչապետը նշեց. «Հայաստանի գործող Ազգային ժողովի և «Իմ քայլի» գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը, որը լուծարել է իր երկրի խորհրդարանը՝ ընդունելով, որ այն չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Եվ ինչ խնդիր է դրել՝ նոր խորհրդարանում պիտի լինեն երիտասարդ պատգամավորներ, բարձր կրթական ցենզով, այդ պահանջն առաջացել է Հայաստանի Ազգային ժողովի գործունեությանը հետևելու արդյունքում, Հայաստանի Հանրապետության իմիջի փոփոխության արդյունքում»:
Ն.Փաշինյանը նշեց, որ չի կարելի այս խորհրդարանի մեծամասնությունը համեմատել նախորդ խորհրդարանների մեծամասնության հետ: