«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը Հայաստանում գործում է ավելի քան երկու տասնամյակ, եթե վատն էր՝ թող փակեին: Այդ մասին Կապանում ընթացող ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իշխանության ներսում սորոսականների առկայությանը:
Նա նշեց, որ այդ գրասենյակի գործունեության 5 տոկոսն իրենց իշխանության շրջանում է, 95 տոկոսը՝ նախորդների: «Ինչի՞ չեք փակել... նրանք, որոնք այսօր այդ թեմայով շահարկումներ են անում, ուրեմն նախորդ իշխանության մեջ կա՛մ տեղ են ունեցել, կա՛մ թիմի անդամ են ունեցել, ինչի՞ չեք փակել... Այսինքն՝ դուք հիմա պետական դավաճաններ եք, քանի որ թույլ եք տվել, որ Հայաստանում 25 տարի գոյություն ունենա քայքայիչ կազմակերպություն, ուրեմն նախ՝ կսկսենք ձեզնից, բացատրություններ տվեք՝ բոլոր հանրապետականները, ոստիկանությունում նախկինում պաշտոն զբաղեցրած մարդիկ, երբ իշխանական կերակրատաշտի մոտ էիք, ինչո՞ւ չէիք փակում այդ գրասենյակները... Ես թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ քաղաքացու հասցեին նման քամահրական բան ասեն: Բոլոր նրանք, որոնք դա ասում են, կոռումպացված հանրապետականներ են, պետական դավաճաններ են, որոնք թույլ են տվել այդ կառույցին գրանցվել և գործունեություն ծավալել Հայաստանում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ պետք է հետաքննել՝ ովքե՛ր են այդ կառույցից սնվել, գրանտ ստացել: «Դուք այդ ողջ ընթացքում գործել եք ընդդեմ Հայաստանի ժողովրդի, դուք չունեք սրբություն, դուք դա արել եք, որ միջազգային կառույցները հանդուրժող լինեն ձեր թալանի նկատմամբ, ձեր ընտրակեղծիքների և կաշառքների նկատմամբ աչք փակեն»,- նշեց Փաշինյանը: