Կապանում ընթացող մամուլի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ նշելով, որ իրեն մեղադրում են այդ հարցում ոչ հայանպաստ քաղաքականություն վարելու համար:
Նա հիշեցրեց Արցախի հարցի բանակցություններում Սերժ Սարգսյանի թողած «ժառանգության» մասին, մասնավորապես, մեջբերելով համանախագահների ներկայացրած վերջին առաջարկները, որ նրանք արել են 2018 թ. հունվարի 18-ին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են, այնպես, ինչպես նրանք կապված են միմյանց հետ.
1. Յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։
Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։
Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում։
Դրացիական համագործակցության վերականգնում։
Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։
2.Վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներ, այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (НКАО) վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ։
3. Միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչ վերջնական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»։
Ներկայացնելով՝ Փաշինյանը նշեց, որ եթե ՀՀ-ն ուզենա շարունակել բանակցություններն այդ կետից, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի:
Նա պնդեց, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ասեն՝ այդ տեքստն իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ, իրենց դիրքորոշումը հայտնի նաև Արցախի և Հայաստանի ժողովուրդը:
«Եթե Արցախի ժողովուրդը կասի, որ սա է բանակցությունների ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին դա կհայտնվի բանակցությունների սեղանի շուրջ: Ես պնդում եմ, որ ասեն՝ դա ընդունելի՞ է, թե՞ ոչ»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:
Նա նշեց, որ ՀՀ որևէ Կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան իր գլխավորած Կառավարությունը: