Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը բացառել չի կարելի, հարցը քննարկումների փուլում է: Այդ մասին Կապանում ընթացող մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահին որևէ փաստաթուղթ բանակցային սեղանին չկա, և մենք պետք է աշխատենք՝ ավելի առարկայական բանակցությունների փուլին մոտենալու համար»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ բանակցությունների առումով ամեն ինչ թափանցիկ է, Ալիևի հետ փակ սենյակում խոսել է այն մասին, ինչն ամրագրվել է Արցախում 2019-ի մարտին կայացած անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ, որտեղ ուղենշել է բանակցային գործընթացում քննարկումների շրջանակը:
«Ադրբեջանից այնպես էլ չի հնչում համարժեք պատասխան իմ հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պիտի ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, և դա կարգավորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է: Մեր մոտեցումը կառուցողական է, մենք պետք է կարգավորենք ԼՂ հիմնախնդիրը: Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատանքի, դա բարդ աշխատանք է, բայց դա մեր պատասխանատվությունն է: Պատվով այդ պատասխանատվության տակից դուրս գալը բարդ գործ է, բայց վարչապետի կամ նախագահի գործը հեշտ չի լինում»,- ասաց Կառավարության ղեկավարը: