Հունվարի 23-ին իսլամական կրոնական առաջնորդների պատվիրակությունն այցելել է Օսվենցիմի մահվան ճամբար՝ հարգանքի տուրք մատուցելու հրեական Հոլոքոստի զոհերի հիշատակին:
Պատվիրակությունը գլխավորել է Համաշխարհային իսլամական լիգայի գլխավոր քարտուղար, Սաուդյան Արաբիայի արդարադատության նախկին նախարար, դոկտոր Մուհամմադ ալ-Իսան:
Այս մասին հաղորդում է Ամերիկայի հրեական կոմիտեն, որի տարածած հաղորդագրության մեջ դրա ղեկավար Դեյվիդ Հարիսը նշում է, թե սա Օսվենցիմ այցելած ամենաներկայացուցչական իսլամական պատվիրակությունն է:
«Այս այցի կարևորությունը չի կարելի գերագնահատել. սա հեղափոխական քայլ է»,- ասված է հայտարարության մեջ:
Ալ-Իսայի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Վարշավայի հրեական պատմության թանգարան, սինագոգ: Հաղորդվում էր, որ նախատեսված է հանդիպում նաև Հոլոքոստից փրկվածների հետ:
Հիշեցնենք, որ այցը համաձայնեցվել է 2019 թվականի մայիսին, երբ Իսլամական լիգայի ղեկավարն այցելեց Միացյալ Նահանգներ և այնտեղ հանդիպեց Ամերիկայի հրեական կոմիտեի ղեկավարության հետ:
«Իսլամի իրական արժեքներին հետևելն ինձ հուշեց այս ուղևորությունը: Մենք կփակենք Հոլոքոստը ժխտողների ճանապարհը»,- այդ ժամանակ հայտարարել էր Իսան: