«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն իր ելույթում նշել է, որ իր համար անընդունելի է այն, որ փորձ է արվել Ազգային ժողովի, ԱԺ նախագահի հեղինակությունը սասանել, և կողմնակալության հարց է բարձրացվել:
Նա առաջարկել է, որ հետևեն և տեսնեն, թե ինչպես է ԱԺ նախագահը վարում նիստը, ում է ավելի շատ ձայն տալիս, ում ժամանակը չի ընդհատվում ամբողջ գործունեության ընթացքում: Նա անդրադարձել է նաև խորհրդարանում տեղի ունեցած բանավեճին, նշելով. «Երբ պարոն Մարուքյանն ասաց՝ բացառիկ դեպքում է սանկցիա կիրառվել, միգուցե իրենց համար դա բացառիկ չէր, բայց այս դահլիճում առաջին անգամ օգտագործվել է հայհոյանք, ֆիզիկական սպառնալիք: Եթե անգամ այդ օրվա տեսանյութերը կամ ֆոտոները նայեք՝ կտեսնեք, որ ոմանց համար, հենց այդ նույն մարդու համար նորմալ է կողքից հրճվելը: Դա իրականացվել է կարգուկանոն հաստատելու և նիստերի դահլիճում բնականոն աշխատանքը շարունակելու համար»,-նշել է Դանիելյանը՝ ընդգծելով, որ չի արձագանքելու ընդդիմության այդ կարգի հռետորաբանությանը: