Վկայակոչելով ամենատարբեր աղբյուրներին՝ արաբական մամուլը գրում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր էմիրը՝ Մուհամմադ Աբդուլ-Ռահման ալ-Մաուլի ալ Սալբին, որ ազգությամբ թուրքմեն է, իրականում Աբու Բաքրի իրավահաջորդ է նշանակվել վերջինիս սպանությունից անմիջապես հետո՝ հոկտեմբերին: Պարզապես այդ ժամանակ նա հայտնի է եղել Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրայիշ անունով, ինչը չի ընդունվել ԻՊ բոլոր հիմնադիր անդամների կողմից:
Խնդրին առնչվող բոլոր հրապարակումներում ներկայացվում է, որ Իրաքի Թալ Աֆար քաղաքից այս իրաքցի թուրքմենի ոչ անգամ էմիր ընտրվելը, բայց նույնիսկ ԻՊ բարձրագույն ղեկավարությունում հայտնվելը բացառիկ բան է, քանի որ նա ազգությամբ արաբ չէ:
Նշվում է, որ, հավանաբար, այդ հարցում իր դերակատարումն է ունեցել այն հանգամանքը, որ Ալ-Սալբին ինքն էլ ԻՊ հիմնադիրներից է, գաղափարախոս, Աբու Բաքրին ճանաչել է դեռ այն ժամանակ, երբ ԻՊ-ը կազմավորված չի եղել, ինչպես նաև հայտնի է իր դաժանությամբ՝ հատկապես եզդիների ստրկացման, կոտորածների և էթնիկ զտումների առումով: Դաշտային հրամանատարը, որպես կրոնական իշխանության ներկայացուցիչ, փաստորեն, նաև եզդիների Ցեղասպանությունը հիմնավորող երկարաշունչ կրոնական հրամաններ է արձակել:
Ի դեպ, Ալ-Սալբին ավարտել է Մոսուլի համալսարանի կրոնական իրավունքի ֆակուլտետը: 2004-ին նրան ձերբակալել են ամերիկացիները և ուղարկել Քեմփ Բուքքա ճամբար, որտեղ նա հանդիպել է Ալ-Բաղդադիին: Մի վայր, որը հետագայում անվանվեց «ԻՊ ինկուբատոր»:
Հաղորդվում է նաև, որ «Իսլամական պետության» առաջնորդը ընտրվել է ոչ թե խմբի անդամների կողմից, այլ անձամբ Աբու Բաքրն է նրան իր իրավահաջորդը համարել, որովհետև վերջին շրջանում նրա առողջությունը սկսել էր վատթարանալ, և հենց Ալ-Սալբին է եղել այն մարդը, որ ամենահաճախն է խնամել ու ժամանակ անցկացրել ԻՊ առաջնորդի հետ: Փոխանցվում է, որ արևմտյան հետախուզական ուժերն այս մասին հրաշալի են իմացել, այդ պատճառով էլ, դեռ Ալ-Բաղդադիի կյանքի օրոք, Պետագոնը նրա գլխի դիմաց հինգ միլիոն դոլար վարձատրություն է խոստացել:
Այս պահին նոր ղեկավարի գլխավոր խնդիրն է՝ վերականգնել պատմության մեջ առաջին նման ահաբեկչական խմբավորման հրամանատարական կառուցվածքը, որը կարողացավ ձևավորել պետական սուբյեկտ: Ենթադրվում է, որ ջիհադիստները դեռ կկարողանան գործածել Իրաքի հեռավոր տարածքներում գտնվող ստորգետնյա ենթակառուցվածքները, որոնց զգալի մասը դեռ պահպանվել է: Միևնույն ժամանակ ակնարկվում է, թե խմբին ֆինանսապես շատ վնասեց այն հանգամանքը, որ վերջերս ամերիկյան ուժերը, քրդերի հետ միասին, չեզոքացրին իրենց նավթային էմիրին: