Շվեդական Dagens Nyheter պարբերականին հաջողել է շփվել Sci-Hub գիտական գրականության ցանցահեն գրադարանի հիմնադիր Ալեքսանդրա Էլբակյանի հետ: Dagens Nyheter-ը Էլբակյանի մասին հոդված է հրապարակել «Գիտության ոլորտի լրտե՞ս, թե՞ Ռոբին Հուդ» խորագրով: Այսօր նրան ցանկանում են «որսալ» թե՛ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը և թե՛ զայրացած հրատարակիչները: Սակայն, արդյո՞ք այս հայուհին Ռուսաստանի լրտեսն է, թե՞ սա զրպարտություն է մի մարդու դեմ, որը պայքարում է հետազոտության ազատության համար:
Շվեդական շատ համալսարանների տեղեկատվական տվյալները կոտրվել են՝ կապված Sci-Hub ցանցահեն գրադարանի գործունեության հետ: Այս կայքը ստեղծել է ակտիվիստ, ծրագրավորող Ալեքսանդրա Էլբակյանը, որին մերթ անվանում են Ռոբին Հուդ, մերթ՝ գիտական աշխարհի Էդվարդ Սնոուդեն:
Գիտական ամսագրեր հրատարակող խոշոր խմբագրություններն արդեն մի քանի տարի է՝ ցանկանում են «որսալ» Էլբակյանին՝ նրան մեղադրելով հեղինակային իրավունքների խախտման համար, քանի որ նա մարդկանց օգնում է կարդալ նրանց հրապարակումներն անվճար, առանց բաժանորդագրվելու: 2017-ին Նյու Յորքի դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն Էլբակյանը պետք է 15 միլիոն դոլար փոխհատուցում վճարի համաշխարհային գիտական հրատարակչությունններից մեկին:
Վերջերս հայտնի է դարձել, որ ամերիկյան արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել նրա՝ ռուսական հետախուզության հետ հավանական կապի գործով:
Sci-Hub գիտական գրականության ցանցահեն գրադարանի գիտական տեքստերի թիվը հասնում է 79 միլիոնի: Հրապարակված յուրաքանչյուր հոդված իրենից ներկայացնում է հեղինակային իրավունքի խախտում: Էլբակյանն այդ մասին գիտի, սակայն կարծում է, որ հետազոտությունների հասանելիությունը շատ ավելի կարևոր է, չէ՞ որ այն գիտությանն օգնում է ավելի արագ կատարել նոր բացահայտումներ ու խթանում է առաջընթացը:
Ալեքսանդրա Էլբակյանը չի հերքում, որ Sci-Hub-ն օգտագործում է երրորդ անձի օգտահաշիվները, սակայն ընդգծում է, որ երբեք խոսքը տվյալներ գողանալու մասին չի եղել:
31-ամյա Ալեքսանդրա Էլբակյանը ծնվել է Ղազախստանում և, իր խոսքով՝ ունի հայկական, սլավոնական ու ասիական արմատներ: Նա 2011 թվականին ստեղծված Sci-Hub-ի միակ հիմնադիրն է: