Իսրայելցի գիտնականները մշակել են նոր դեղամիջոց, որը կօգնի 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժմանը: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը:
Concenter BioPharma-ի համահիմնադիր, պրոֆեսոր Մոթթի (Մորդեհայ) Շեվիոնը պարբերականին տված մեկնաբանության մեջ ասել է, որ Zygosid-50 կոչվող դեղամիջոցի եզակի առանձնահատկությունն այն է, որ չեզոքացնում է ինսուլինի նկատմամբ ռեզիստենտայնությունը:
Նրա խոսքով՝ թեպետ 2-րդ տիպի շաքարային դիաբետի պատճառը դեռևս լիովին ուսումնասիրված չէ, բայց կան մի շարք գործոններ՝ ճարպակալում, անառողջ ապրելակերպ, վնասակար սննդի սպառումը և ծերացում, որոնք մեծ վտանգ են հանդիսանում հիվանդության զարգացման տեսանկյունից:
Պրոֆեսորը նշել է, որ 2019 թվականի դեկտեմբեր ամսվա վերջին արված վիճակագրության համաձայն՝ այս պահին աշխարհում 463 միլիոն մարդ կա շաքարային դիաբետով ախտորոշված: Ընդ որում, հիվանդների 95 տոկոսի մոտ արձանագրված է հիվանդության 2-րդ տիպը:
Նոր դեղամիջոցը վաճառվելու է դեղահատերի տեսքով, որոնք կարող են օգտագործվել ոչ միայն բուժման, այլև շաքարային դիաբետի կանխարգելման համար:
«Zygosid-50-ը գրեթե ամբողջությամբ կայունացնում է շաքարային դիաբետի հետ կապված բոլոր պարամետրերը նորմալ մակարդակի վրա»,- ասել է պրոֆեսորը, հավելելով, որ կլինիկական փորձարկումների արդյունքում դեղն անվտանգ է ճանաչվել: Նշվում է, որ մոլեկուլային մակարդակում դեղը բջիջներից հեռացնում է, այսպես կոչված, «ազատ երկաթը», փոխարինելով այն ցինկով: