Ռուսաստանի Դաշնության սահմանադրական փոփոխություններին վերաբերող օրինագիծն, ամենայն հավանականությամբ, Պետդումայի քննությանը կներկայացվի արդեն 2020-ի փետրվար-մարտ ամիսներին: Իսկ փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը նախատեսվում է անցկացնել մինչև մայիսի 1-ը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Դաշնային ժողովի իր աղբյուրին:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Դաշնային ժողովին հասցեագրված իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսեց «լայն հասարակական քննարկման և հանրաքվեի անհրաժեշտության» վերաբերյալ:
«Հաշվի առնելով, որ առաջարկվող նորամուծությունները վերաբերում են քաղաքական համակարգում, գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների էական փոփոխություններին, ես անհրաժեշտ եմ համարում, որպեսզի երկրի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունների ամբողջական փաթեթը քվեարկեն: Վերջնական որոշում կկայացնեք միայն դրա արդյունքների հիման վրա»,- ասել էր Պուտինը:
Իսկ ահա նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ ներկայում ընթացակարգ է մշակվում այդպիսի «ժողովրդական քվեարկություն» անցկացնելու համար: Ըստ Պեսկովի՝ ցանկացած մասնակցության դեպքում ձայների պարզ մեծամասնությունը բավարար կլինի: