Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը, 1lurer.am-ին հաստատեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք էր դրել, ինչը պաշտպան Ամրամ Մակինյանը բողոքարկել էր:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Նույն գործով, որի նախաքննությունն արդեն ավարտվել է, անցնում է հինգ անձ, նրանցից մեկը «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանն է։