Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը, որ սեփական կամքով էր լքել Սուրբ Պետրոսի աթոռը, կրկին խախտել է «ամբողջ աշխարհից հեռացած և լուռ ապրելու» իր ուխտը՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապին հորդորելով չվերանայել կաթոլիկ հոգևորականության համար գոյություն ունեցող Ցելիբաթի՝ կուսակրոնության կանոնը:
Ի դեպ, Բենեդիկտոս Պապը նման հորդորով է հանդես եկել ոչ թե անձամբ Ֆրանցիսկոս Պապին հանդիպելով, այլ մի գրքի միջոցով, որի համահեղինակն է կարդինալ Ռոբերտ Սառայի հետ միասին:
Իրականում, սակայն, Ֆրանցիսկոս Պապը ոչ թե Ցելիբաթի ընդհանրական վերացման մասին է խոսել, այլ մի հարցազրույցում ակնարկել է, որ այնտեղ, որտեղ քիչ մարդիկ են Տիրոջը կամենում սպասավորություն անել, կամ՝ մարդը հրաշալի հոգևորական կարող է լինել, բայց սիրահարված է որևէ կնոջ ու կամենում է կյանքը նրա հետ կապել, հնարավոր է, որ ամուսնացած տղամարդիկ էլ ձեռնադրվեն:
Չխոսենք արդեն այն մասին, որ հոգևորականներին սիրահարված կանայք բազմաթիվ նամակներ են հղել Պապին՝ գրելով, որ չեն կամենում մեղքի մեջ ապրել ու խնդրում են, որի Ֆրանցիսկոս պապը վերանայի Ցելիբաթի կանոնը:
Ահա այս ֆոնին 92-ամյա նախկին հովվապետը հայտարարել է, որ ինքը չի կարող այդ հարցում լռել, ինչը Վատիկանի համար մեծ անակնկալ էր, քանի որ նման նախադեպ չի եղել, և դա հակասում է եկեղեցական ավանդույթին:
Իտալական La Stampa-ն փոխանցում է, որ Ֆրանցիսկոս Պապը որոշում կկայացնի խնդրո առարկայի վերաբերյալ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: