Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Սենատի բանաձևը չունի որևէ իրավական ուժ և չի ազդի Անկարայի դիրքորոշման վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի թիվ 150 Հայկական բանաձևը:
«Այս բանաձևը, որ իրավական որևէ ուժ չունի, քաղաքական, ռազմական, տնտեսական կամ այլ ոլորտում ազդեցություն չի ունենա Թուրքիայի կայուն և արդարացի դիրքորոշման վրա»,- CNNturk-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կալինը:
Խոսնակն ընդգծել է, որ Անկարան խստորեն դատապարտում և մերժում է ԱՄՆ Սենատի բանաձևը, որը «պատմության աղավաղված ընկալումը վերածեց քաղաքական նպատակների իրականացման գործիքի»:
Ընդհանրապես, այժմ Թուրքիայում շատերն են այս տեսակետը հայտնում, որ ԱՄՆ-ը վրեժ է լուծում Թուրքիայից՝ Սիրիայում ռազմական գործողությունների և Ռուսաստանի հետ ռազմական գործարք կնքելու համար: Կալինն էլ բացառություն չէ. նա հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվի իր ազգային անվտանգության ապահովումից միայն այն պատճառով, որ «ԱՄՆ Կոնգրեսի մի քանի անդամներ իրենց անհարմար չզգան»: