Թուրքիայի Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար պալատի նախկին ղեկավարության դեմ հետաքննություն սկսելու՝ դատախազության նախաձեռնությունը:
Պալատի այժմյան ղեկավարության կողմից նույնպես հայտարարություն է ընդունվել՝ «Չ՛ենք վախենում, չե՛նք լռելու» գլխագրով, որում, մասնավորապես, ասված է.
«Պալատի նախկին ղեկավարության կողմից արված հայտարարությունները պետք է ընդունել նաև որպես ներկա՛ ղեկավարության հայտարարություն: Եթե դա հանցանք է, ապա մենք էլ հանցակից ենք»:
Հայտարարության մեջ հիշեցվել է, որ 2014-ի ապրիլի 24-ից սկսած՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը «Ցավակցական ուղերձ» է հղում, ինչն իրավական առումով որևէ խնդիր չի հարուցում, սակայն իրենց դեպքում ճիշտ հակառակն է ստացվում՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Վարչապետի հայտարարությունները տեղավորվում են խոսքի ազատության սահմաններում, իսկ Դիարբեքիրի փաստաբանների պալատի հայտարարությունը հանցանք է պարունակում: Այդպիսի դատական համակարգը չի կարող արդարադատություն իրականացնել: Դատական համակարգը պետք է հրաժարվի երկակի ստանդարտների կիրառումից»,- նշվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախկին նախագահի և գործադիր խորհրդի անդամների դեմ հետաքննություն սկսել՝ 2018թ. ապրիլի 24-ի առիթով պալատի հրապարակած հայտարարության համար: Կազմակերպության նախկին նախագահ Ահմեթ Օզմենին և ղեկավար խորհրդի 10 անդամներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ «ժողովրդին հրապարակայնորեն ատելության և թշնամության հրահրելու, Թուրքիայի ազգային մեծ ժողովը նսեմացնելու» կետով:
Հիշեցնենք նաև, որ Դիարբեքիրի փաստաբանների պալատը հետևյալ հայտարարությունն էր մեկ տարի առաջ տարածել.
«Ժամանակին պատասխանատուները, նախ՝ հայ մտավորականներին և առաջնորդներին ոչնչացնելով, իսկ հետո՝ «Աքսորի մասին օրենքի» անվան տակ զինվորական ստորաբաժանումների և հետախուզական կառույցի՝ Teşkilatı Mahsusa-ի միջոցով մեկ միլիոնից ավելի հայ քաղաքացու դեպի Սիրիայի սահմաններ մահվան տանելով, դաժան քաղաքականություն են վարել:
Տառապանքն այնքան մեծ է եղել, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայում «Ցեղասպանություն» եզրույթը ստեղծել են հայ ժողովրդի նկատմամբ կատարվածից ոգեշնչված: Ստամբուլում, Դիարբեքիրում, Վանում և Անատոլիայի մի շարք քաղաքաներում, որտեղ հայեր են ապրել, կոտորածի, աքսորի և տեղահանության առաջացրած ավերածությունը և խոր ցավը թարմ է մնում: Հարգանքով ոգեկոչում ենք Ցեղասպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց և անմեղ բոլոր հայերին»: