Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ողջունել է Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան կատարած հայ և ադրբեջանցի լրագրողների խաչաձև փոխայցերի նախաձեռնությունը: Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Ռուսաստանը դարձել է կողմերի միջև հումանիտար փոխայցեր իրականացնելու նախաձեռնողներից մեկը:
«Կարծում եմ, որ սա շատ կարևոր է, քանի որ ցանկացած որոշում պետք է կայացնեն մարդիկ, որոնք բնակվում են այդ հողի վրա՝ Հայաստանում, Ղարաբաղում և Ադրբեջանում: Որքան սերտ շփվեն մարդիկ, այնքան օբյեկտիվ կլուսաբանեն լրագրողներն այն, ինչ տեղի է ունենում շփման գծի երկու կողմում էլ, այնքան հեշտ կլինի համաձայնության գալ, և այնքան հաստատուն կլինեն այն համաձայնագրերը, որոնց մենք ցանկանում ենք հասնել»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նաև հավանության է արժանացրել այն միտքը, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքների միջև. «Ես կողմ եմ, որ համայնքների միջև շփումները վերսկսվեն: Դա հեռանկարային թեմա է, քանի որ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը պետք է որոշի, թե հետագայում ինչպես պետք է ապրի»: