Խորհրդարանում այսօր քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոխությունների և կից օրենսդրական նախագծի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Նախագծով առաջարկվում է ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական: Առաջարկվում է այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո այն բացասական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում: Պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշել է, որ նախագծով առաջարկվում է, որ ԱԱԾ ղեկավարին, ոստիկանապետին հնարավոր լինի նշանակել նաև համակարգից դուրս:
Մարուքյանն ընդգծել է, որ նախագծով առաջարկվում է նաև հնարավորություն տալ գործադիր իշխանության ղեկավարին, որ ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի տեղակալներին կարողանա նշանակել քաղաքացիական անձանց և միայն ԱԱԾ հետախուզության գծով տեղակալին՝ զինվորական անձ: Առաջարկվել է, որ խմբակցություններին իրավունք վերապահվի հրավիրել ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին, վարչապետին ենթակա ղեկավար մարմիններին և հնարավորություն տրվի նրանց հարցեր ուղղելու, բայց առաջարկը մերժվել է:
Մարուքյանն ընդգծել է, որ խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներ պետք է կիրառվեն անվտանգության սեկտորի նկատմամբ: