Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դատական հայցով պահանջնում է առոչինչ ճանաչել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի երկու հրամանները:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Գագիկ Ջհանգիրյանը պահանջում է առոչինչ ճանաչել իրեն՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը:
Վճռաբեկ դատարանի որոշմամբ Գագիկ Ջհանգիրյանը վերջերս արդարացվել է: Նա իր գործով տասը տարի անց վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ:
Խոսքը դեռևս 2008 թ.-ի փետրվարի 23-ի դեպքի մասին է: Ըստ մեղադրական եզրակացության՝ Ոստիկանության շենք մտնելու պահին, չենթարկվելուվ ոստիկանության աշխատակիցներին, նա ձեռքով հարվածել էր վարչության աշխատակից Արման Հարությունյանին՝ պատճառել ֆիզիկական ցավ, պատռել նաև Տիգրան Աղվանյանի համազգեստը: Այսպիսով Գագիկ Ջհանգիրյանը կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականություններ կատարող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:
Նրան 2008-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
2009-ին դատարանը մեղավոր էր ճանաչել Գագիկ Ջհանգիրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով:
2009-ին Գագիկ Ջհանգիրյանն առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել էր վերաքննիչում, սակայն վերաքննիչ ատյանն այն թողել էր անփոփոխ, չէր բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը:
2019-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է նրա գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բողոքը, և Ջհանգիրյանն արդարացվել է: