Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները դեկտեմբերի 2-ին համատեղ նիստ են անցկացրել: Քննարկվել են «ԱՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցերը:
Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը նշել է, որ գալիք տարում ոլորտին կտրամադրվի 27 մլրդ 65 մլն դրամ, կամ 2019 թ. համեմատ՝ ծախսերը կավելանան 3 մլրդ 424 մլն դրամով: Խոսելով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման մասին՝ նախարարը անդրադարձել է նաև 2020 թ. նոր ծրագրերին, մասնավորապես՝ նպատակային վերաբնակեցման և սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման ծրագրերին:
Պատգամավորները նախարարին են առաջադրել վերաբնակեցման ծրագրին, պատվավոր կոչումներ ունեցողների վճարների տրամադրման ժամկետներին, գյուղաբնակ երիտասարդների բնակարանային ապահովությանը և այլ թեմաների վերաբերող հարցեր:
Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ բնագավառի 2020 թ. ծախսերը կկազմեն 7 մլրդ 280 մլն դրամ, ինչը 2019-ի համեմատ ավել է 504 մլն դրամով: Ֆինանսավորման ավելացումները նախարարը պայմանավորել է նվազագույն աշխատավարձի չափի բարձրացմամբ և Քաշաթաղի ու Քարվաճառի բուժմիավորումների համար անհրաժեշտ սարքավորումների գնմամբ: Պատգամավորները Արայիկ Բաղրյանին առաջադրել են Ասկերանի հիվանդանոցի շենքային պայմանների, գրանցման էլեկտրոնային համակարգի, բժիշկների թափուր հաստիքների և աշխատանքի տեղավորման դինամիկայի վերաբերյալ հարցեր:
Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, խոսելով գալիք տարի ծառայության աշխատանքի մասին, նշել է, որ այն կլինի լարված, քանի որ ի թիվս իրականացվող ծրագրերի՝ կավելանան ևս երեքը, որից երկուսը՝ աշխատուժի հետազոտություն և գյուղատնտեսական համատարած հաշվառում, առաջին անգամ: ԱՎԾ-ի նախագահի խոսքով՝ գալիք տարի պետական բյուջեից ԱՎԾ-ին նախատեսվում է տրամադրել 228 մլն 478 հազ. դրամ, որն ընթացիկ տարվա համեմատ աճել է 16 մլն 192 հազ. դրամով: Մանուշ Մինասյանը բյուջեով ֆինասավորվող ուղղությունները ներկայացնելուց հետո պատասխանել է պատգամավորների հարցերին: