Մալթայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Կիթ Շեմբրին ու զբոսաշրջության նախարար Քոնրադ Միցցին հրաժարական են տվել գործարար Յորգեն Ֆենեիի հետ ենթադրյալ ֆինանսական կապերի պատճառով: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 2017-ին լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության գործով:
Աշխատակազմի նախկին ղեկավարը հրաժարվել է մեկնաբանել իր հրաժարականը: Ավելի վաղ պաշտոնանկ էր եղել էկոնոմիկայի, ներդրումների և փոքր բիզնեսի նախարար Քրիստիան Կարդոն:
Մալթայի կառավարության ղեկավարն էլ ասել է, որ ինքը հրաժարական կտա, եթե ապացուցվի իր կապն այդ հանցագործության հետ: Նա հավելել է, որ իր խնդիրն է ապահովել կղզի պետության «նախարարների կաբինետի կայունությունը»: