Ըստ Reuters-ի, Սիրիայի հյուսիսում պարեկություն իրականացնող ռուսական ու թուրքական զինվորականները ենթարկվում են տեղի բնակիչների հարձակումներին: Սիրիայի Դերիքի (Հասեկե նահանգ) բնակիչները քարեր են նետել թուրք զինծառայողների զրահապատ մեքենաների վրա, որոնք կատարում են երրորդ պարեկությունը Ռուսաստանի հետ պայմանավորվածության շրջանակում:
Նոյեմբերի 6-ին էլ Սիրիայի Կոբանիի գյուղերի բնակիչները քարեր և կոշիկներ են նետել ռուսական և թուրքական պարեկային ծառայության վրա: Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը վեց ժամ տևած բանակցություններից հետո պայմանավորվել էին թուրք-սիրիական սահմանին տեղակայել Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն ու սիրիական զորքերը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, ասել է, որ Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» թուրքական ռազմական գործողությունը կանգնեցված է: Մեկ այլ տեղեկության համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհել է, որ Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը, որոնց համարում է ահաբեկչական, դուրս չեն եկել Սիրիայի հյուսիս-արևելքից: Մինչդեռ ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքում նրանք պետք է հեռանային 120 ժամում, իսկ ավելի ուշ Ռուսաստանի հետ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 150 ժամում: