2019 թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչությունում Ծաղկաձորի ճոպանուղու գործունեության և այն
շահագործող ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարման
վերաբերյալ իրականացված մեծածավալ ուսումնասիրության արդյունքում
վարչության դատախազի կողմից որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի
205-րդ հոդվածի 2-րդ մասի և 184-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով
քրեական գործ հարուցելու և այն նախաքննություն կատարելու համար ՊԵԿ
քննչական վարչություն ուղարկելու մասին:
Իրականացված ուսումնասիրությամբ, մասնավորապես, պարզվել էր, որ «Հայաստանի
ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը (ՀԱՕԿ) 2008 թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել «Լ...» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Վերջինիս կողմից 2008-2016 թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի
հաշվարկներով պակաս են ցույց տրվել և իրավահարաբերության ձևավորման պահին
գործած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն հաշվարկվել
ծառայությունների մատուցումից ստացված հասույթները` 1.985.273.178 ՀՀ դրամի
չափով, հարկվող օբյեկտները (շահույթ) պակաս է ցույց տրվել 397.054.636 ՀՀ
դրամի չափով, որից պակաս հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է
79.410.927 ՀՀ դրամ: Իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ,
23-րդ հոդվածներով սահմանված կարգով չեն հաշվարկվել նաև պետական բյուջե
վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք նույն
ժամանակահատվածի համար կազմել են 397.054.636 ՀՀ դրամ: Արդյունքում` «Լ...»
ՍՊԸ կողմից հարկերը չվճարելու պատճառով պետությանը պատճառվել է ընդհանուր
476.465.563 ՀՀ դրամի վնաս:
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված
հանցագործությունների գործերով վարչության դատախազի դատավարական ղեկավարման
ներքո ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ նոյեմբերի
8-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և
ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված
հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավել 2008 թ.
դեկտեմբերից մինչև 2017 թ. սեպտեմբեր «Լ...» ՍՊԸ տնօրենի պաշտոնն զբաղեցրած
Ա.Պ.-ին: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ
հիմնավորվել է, որ վերջինս առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու
նպատակով հանձնարարել է ընկերության տոմսավաճառներին` հաճախորդների կողմից
վճարված գումարների դիմաց հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրել,
կամ տրամադրել հաճախորդի կողմից պահանջի դեպքում` խեղաթյուրելով ֆիսկալային
հաշվետվությունների տվյալները: Արդյունքում` ընկերության կողմից
2008-2016 թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի և ավելացված արժեքի
հարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և չեն հաշվարկվել
ծառայությունների մատուցումից իրացման ծավալները: Եվ իրացման շրջանառության
վերաբերյալ հարկային մարմին ներկայացրած 2008-2016 թթ. ԱԱՀ-ի և շահութահարկի
հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու արդյունքում ընկերությունը
խուսափել է պետական բյուջե վճարել առանձապես խոշոր չափերով՝ 476.465.563
դրամի չափով ԱԱՀ և շահութահարկ:
Բացի այդ, ընկերության նախկին տնօրենը, չարաշահելով «Հայաստանի ազգային
օլիմպիական կոմիտեի» պատասխանատու անձանց վստահությունը, դիտավորությամբ
վերջինիս, որը հանդիսանում է «Լ...» ՍՊԸ 50 տոկոս մասնակիցը, պատճառել է
առանձնապես խոշոր չափի վնաս: Մասնավորապես՝ թաքցնելով հասույթի իրական
չափերը՝ «Լ...» ՍՊԸ-ի կողմից պակաս շահաբաժին է փոխանցվել «Հայաստանի
ազգային օլիմպիական կոմիտեին»՝ վստահությունը չարաշահելու եղանակով
վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափի` 79.410.927 ՀՀ դրամի գույքային
վնաս:
Ա.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես
խափանման միջոց ընտրելու մասին: